Արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանն, անդրադառնալով մարտի 1-ին սպասվելիք ընդդիմության հանրահավաքին, նշեց. «Չեմ կարծում, թե այդ օրն ինչ-որ բան կլինի: Մի կողմից` մենք տեսնում ենք քաղաքացիական շարժումներ` հաճախ իրար հետ կապ չունեցող, մյուս կողմից` ընթանում են որոշակի քաղաքական պրոցեսներ: Ամեն դեպքում երկրի տնտեսական և քաղաքական վիճակը գնալով բարդանում է: Նկատի ունենանք, որ երբ սեպտեմբերի 3-ին ՀՀ իշխանությունների` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո քաղաքական վեկտորը փոխվեց, ընթանում են որոշակի քաղաքական պրոցեսներ: Կարծում եմ, որ առաջիկայում բոլոր քաղաքական, հասարակական նախաձեռնությունները կարող են միավորվել, և կձևավորվի նոր պլատֆորմ»:
Նազարեթ Կարոյանը մեր զրույցում նշեց, որ ուկրաինական դեպքերը կարող են ունենալ խրախուսիչ նշանակություն, քանի որ ցույց տվեցին, որ, երբ մինչև վերջ նվիրվում ես, կարող ես հասնել բաղձալի նպատակին:
«Իշխանությունները պետք է հասկանան, որ, եթե անպատասխանատվությունն ու լկտիությունը չեն ճանաչում սահմաններ, հասարակությունը կարող է դիմել անսպասելի քայլերի»,- ասաց մեր զրուցակիցը: